Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային նախագծերի մասնակից։ Այս մասին նախընտրական բանավեճերի ժամանակ ասել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, որը 6-րդ տեղն է զբաղեցնում «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի համապետական մասում։ Նա նշել է, որ հաշվի առնելով դինամիկ զարգացող աշխարհը՝ «տարածաշրջանային քաղաքականություն» արտահայտությունն ինքնին հնացած է։
Նրա խոսքով առաջնահերթություն պետք է դառնան երկրի ներքին փոփոխությունները ։ «Պետք է փոխվի համակարգը, պետք է ինքներս փոխվենք»,- նկատել է Զուրաբյանը։ Ընդ որում նա համարում է, որ Հայաստանը պետք է մասնակցի տարածաշրջանային նախագծերին, որոնցից դուրս է մնում, քանի որ գործող իշխանությունները քաղաքական ու տնտեսական կամք չունեն այդ հարցը լուծելու համար։
Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակում ընդգրկված Ստեփան Սաֆարյանի խոսքով, Երեւանի քաղաքականությունը հարեւանների նկատմամբ պետք է կառուցվի փոխադարձ շահի ու հավասարության հիմքերի վրա։ «Առաջին հերթին դա Ռուսաստանին է վերաբերում»,- նկատեց նա։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա անհրաժեշտ է խրախուսել երկու երկրների հասարակությունների շփումները։ «Անկարայի ու Երեւանի հարաբերությունների կարգավորումը, անկասկած, պետք է կայանա առանց նախապայմանների»,- ասել է նա։ Նրա խոսքով Իրանը Հայաստանի ռազմական – ռազմավարական գործընկերն է, որին կարելի է օգտագործել՝ Թուրքիայի ու Ադրբեջանի տանդեմում պառակտում մտցնելու համար։
Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ իր հերթին համարում է, որ Իրանի ու Վրաստանի հետ տնտեսական համագործակցությունը պետք է խորացնել ու ընդլայնել։ «Պետք է ստեղծել համատեղ ձեռնարկություններ, որոնց արտադրանքը կիրացվի ԵՏՄ երկրներում»,-ասել է նա։




























