Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների դադարեցման մեղավորը Ադրբեջանն է: Մարտի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիբենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը, ըստ էության, այն բանի ամրագրումն է, ինչն այսօր գոյություն ունի: «Այսինքն՝ բանակցությունները դադարեցված են: Եվ դրա մեղավորը Ադրբեջանն է: Թող իրենք իրենց մեղադրեն, քանի որ բանակցությունների ժամանակ կողմերը պետք է ինչ-որ բան զիջեն եւ ընդունելի տեսակետի հասնեն: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի բոլոր իշխանությունները մշտապես մեծ եւ չարդարացված զիջումների են գնացել, բայց նույնիսկ դրանով մենք չկարողացանք Ադրբեջանին համոզել, որ ինչ-որ բան ինքն էլ զիջի»,- նշեց Պապյանը:



























