«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 11–ին Վարդենիսում ընտրողների հետ հանդիպումը ավանդույթի համաձայն սկսեց իր հաջողության պատմությունից (ֆոտոռեպորտաժ)։

«Մենք գործունյա մարդ ենք, զրոյական կարգավիճակից այսօր այս աստիճանի հասել ենք մեր աշխատանքով, պետական պաշտոն չեմ ունեցել, որեւիցե մենաշնորհ չկա»,– ասաց նա։

Ծառուկյանը խոսեց երկրի խնդիրներից՝ գործազրկությունից, վարկերից, արտագաղթից, նաեւ թոշակները բարձրացնելու եւ հարկերը նվազեցնել անհրաժեշտությունից։

Նրա խոսքով՝  2009 թվականից հետո «ամեն օր վատ ա», սակայն հնարավոր է երկրում իրավիճակը փոխել, քանի որ «սաղ–սաղ միլիոնուկես ժողովուրդ ենք մնացել»։

Տնտեսությունն առողջացնելու համար Ծառուկյանը առաջարկում է արտոնություններ տալ փոքր եւ միջին բիզնեսին։

«Ամերիկայի պես պետությունում փոքր ու միջին բիզնեսը տալիս ա բյուջեի 64 տոկոսը, մեր երկրում՝ 1–1.2 տոկոս։ Այսինքնս՝ անդունդի եզրին կանգնած ա»,– ասաց նա։

Ծառուկյանն առաջարկում է նաեւ մեծացնել արտահանումը արաբական երկրներ, որտեղ «բացի տուրիստներից ոչ մի բան չկա»։ Ըստ նրա, Հայաստանը կարող է դառնալ նման երկրներ էկոլոգիապես մաքուր սնունդ արտահանող երկիր։

«Հայ ժողովրդի պես աշխատող ժողովուրդ չկա։ Ոչ մի ազգի չես կարա պարտադրես շաբաթ կիրակի գա գործի, 8–ի տեղը 10 ժամ աշխատի։ Բայց մեր ազգը պատրաստ է, միայն իր ընտանիքին կերակրի»,– ասաց նա։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը, թե Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպումներին նյութական օժանդակության խոստումներ տալով՝ օրենք է խախտում, Ծառուկյանն ընկալել է որպես իր քարոզարշավը խոընդոտելու փորձ։

«Այսօր պարոն Մուկուչյանը չի թողնում՝ ժողովրդի հետ ես հանդիպեմ, կամ որեւիցէ մի բան ասեմ՝ ապրիլի 2–ից հետո կկատարեմ։ Ասում ա՝ դա ընրակաշառք ա։ Ես, սիրելի ժողովուրդ ջան, ընտրակաշառքով չեմ զբաղվում։ Չի կարող պատահել՝ մեկը ասի՝ Ծառուկյանին մի հարցով դիմել եմ, հարցը չի կարգավորվել։ Այնպես որ, Բանավանի հարցով տեղյակ եմ, խնդիրներին լուծում կտանք»,– այնուամենայնիվ, խոստացավ Ծառուկյանը։