Ապրիլի 2-ին քվեարկության գնալիս հիշեք, որ բացի այն բոլոր հաճելի եւ խոստումնալից գաղափարներից, որ դուք լսում եք, դուք քվե եք տալիս մեր պետության անվտանգության եւ պաշտպանության համակարգի համար պատասխանատու ուժին: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է կուսակցության համապետական ցուցակի գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Պիտի հասկանաք, թե ձեր քվեն խնդրող, ձեր քվեի համար պայքարող որ քաղաքական ուժն է ամենալավը պատկերացնում Զինված ուժերի վիճակը, սահամանային խնդիրները, սահմանամերձ գյուղերի խնդիրները: Այստեղից ես անմիջապես մեկնելու եմ սահմանամերձ Խաչիկ գյուղ, մենք նմանատիպ մի քանի տասնյակ գյուղեր ունենք, որոնց համար հատուկ արտանություններ ենք սահմանել: Մենք վստահ ենք, որ դա օգնելու է մեր անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ձեր քվեն տվեք մեզ՝ վստահելով, որ որեւէ քայլ, որը կարող է նվազեցնել մեր անվտանգության մակարդակը, ՀՀԿ-ն երբեք թույլ տա»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը հիշեցրել է նաեւ, որ չնայած կան շատ լուրջ մարտահրավերներ անվտանգության առումով, կա որոշ առումներով անկանխատեսելի հակառակորդ, Հայաստանի զինված ուժերն ավելի քան մարտունակ են եւ պատրաստ կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները:
Նշենք, որ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավն իրականացնում է հենց Կարեն Կարապետյանը, որը, սակայն, կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չէ: Վարչապետի հետ ընտրողների հետ հանդիպում են նաեւ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը, ցուցակում ընդգրկված Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը:















