Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նամակ է ստացել ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւից, որում հերքվել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը:

«Այդ կապակցությամբ կցանկանայի պաշտոնապես տեղեկացնել Ձեզ, որ որոշ գործակալությունների կողմից մեջբերված «Մենք քննարկում ենք օկուպացված տարածքների ազատագրման, Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միջանցքի ստեղծման հարցը» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի եւս մեկ անգամ հավաստիացնել Ձեզ Հայաստանի ղեկավարության հետ սերտ համագործակցության իմ անկեղծ եւ կառուցողական տրամադրվածության մասին՝ ի շահ ԱՊՀ հետագա ամրապնդման»,- ասված է Ս.Լեբեդեւի նամակում:

Ավելի վաղ, ադրբեջանական Trend գործակալությունն ու այլ լրատվամիջոցներ տարածել էին, իբր ԱՊՀ գործադիր քարտուղարն ասել է. «Վերջերս Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ պայմանավորվել են ռազմագերիների դիակների փոխանակում իրականացնել, եւ դա գործնականում դարձել է դիրքորոշումների մոտեցման առաջին քայլը: Դա փոքր քայլ է, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան հետեւեն այլ քայլեր, մենք քննարկում ենք օկուպացված տարածքների ազատագրման, Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միջանցքի ստեղծման հարցը»: