Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան Հոլանդիայի ոստիկանությանն ու օրենքներին չենթարկվելու համար անցանկալի անձ է հայտարարվել ու արտաքսվել երկրից։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Հոլանդիայում անցանկալի անձ հայտարարված Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար ֆաթմա Բեթուլ Սայան Քայան այլեւս չի կարող մտնել շենգենյան համաձայնագրի որեւէ երկիր առնվազն 10 տարի։ Նշվում է, որ եթե նա խախտի երկիր մտելու արգելքը, ապա նրան սպառնում է մինչեւ 6 ամսվա ազատազրկում եւ կրկին արտաքսում։

Նշենք, որ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի ԱԳ ու Ընտանիքի հարցերով նախարարի օդանավերն իջնեին Ռոթերդամ, որից հետո Գերմանիայում գտնվող Ընտանիքի հարցերով նախարարը որոշել էր ավտոմեքենայով մտնել Հոլանդիա։ Սահմանին հոլանդացի ոստիկաններն արգելել էին թուրք կին նախարարին շարունակել ճանապարը, սակայն նա վեճի է բռնվել ոստիկանների հետ ու չի կատարել նրանց հրահանգները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ ու Ընտանիքի հարցերով նախարարները նախատեսել էին Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի համար քարոզչություն իրականացնել Հոլանդիայի թուրքական համայնքում, սակայն Հոլանդիայի իշխանությունները շեշտել էին, թե այլ երկրի քաղաքական քարոզչությունն իրենց մոտ արգելված է օրենքով։