Այս տարվա տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՊԵԿ-ի հարկային հավաքագրումները եղել են 16 միլիարդ դրամով ավելի: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնի բացման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Դա բավականին լուրջ թիվ է, ՊԵԿ-ի առջեւ ձեւակերպել ենք հստակ հանձնարարական, ըստ որի՝ այն պլանային ցուցանիշները, որոնք դրված են, պետք է կատարվեն»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով, կան կանոններ, որոնք պետք է չխախտվեն, այսինքն, կանխավճարի դաշտ պետք է չմտնել, գործարարին արհեստականորեն պետք է չնեղացնել, արհեստական խնդիրներ չստեղծել, որպեսզի նա հարկեր վճարի. «Այս առումով, այս համակարգը չափազանց կարեւոր է: Միաժամանակ, խոշոր գործարարների հետ խոսելիս կանխավճարի թեման մշտապես եղել է ակտուալ: 16 միլիարդով ավելի մուտքերի ուղղությամբ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաեւ բովանդակության վրա: Այն կառույցները, որոնք ունեցել են մեծ կանխավճարներ, ՊԵԿ-ն այսօր զբաղվում է դրանց մաշեցմամբ, այսինքն, ՊԵԿ բազայում կան բազմաթիվ մուտքեր, որոնք նախկինում կային, այժմ՝ ոչ»:

Կարեն Կարապետյանը նշել է, որ բացի նրանից, որ 16 միլիարդի աճ է ապահովվել, որը կազմում է 10,9 տոկոս, նաեւ այս պահին ինձ հրապուրում է որակական աճը, որովհետեւ խոշոր ընկերություններն այսօր մաշեցնում են իրենց կանխավճարները, իրենց պարտավորության չափով այսօր չեն վճարում: «Այդ առումով, գալու ենք նրան, որ այդ 10,9 տոկոսի աճը շատ ավելի մեծ է լինելու»,- ընդգծել է վարչապետը՝ շեշտելով, որ ՊԵԿ-ում իրականացվելու են ֆունդամենտալ բարեփոխումներ, որոնք մասամբ սկսվել են եւ նշված կենտրոնի բացումն առաջին քայլն է:

Կարեն Կարապետյանի խոսքով, մոտ ժամանակներս ՊԵԿ-ը կառավարությանն է ներկայացնելու ՊԵԿ-ի բարեփոխումների ողջ փաթեթը: