Ով կարող է նվազեցնել Հայաստանում գազի սակագինը, թող ասի, թե ինչպես է մտադիր անել դա։ Այս մասին այսօր Երեւանի Նորք-Մարաշ վարչական համայնքում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ասել է ՀՀԿ անդամ, վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հայաստանում գազի սակագինը նվազեցնելու նոր ռեսուրսներ դեռ չկան, հավելել է նա։ Հանրապետությունը չունի սեփական ածխածիններ ու չունի գազի տարանցման համար եկամուտներ։
Միաժամանակ ռուսական Գազպրոմի հետ հաջողվել է հասնել շահավետ պայմանավորվածության։ Գազի սակագինը նվազել է ՝ այն հաշվարկով, որ էժանագին գազ ավելի շատ կայրեն, հետեւաբար գազի օպերատորը վնասներ չի ունենա, ու գազատրանսպորտային համակարգի սպասարկման ծախսերը կապահովվեն։ Եթե «Գազպրոմ Արմենիան» այնուամենայնիվ բավարար շահույթ չունենա, այդ ռիսկերը համաձայնել է փակել ռուսական Գազպրոմը, ընդառաջ գնալով հայկական կողմին։
«Ահա այն հնարավորությունները, որոնք մենք կարողացել ենք օգտագործել սակագնի նվազեցման համար։ Եթե որեւէ մեկը կարող է առաջարկել նոր հնարավորություններ՝ թող առաջարկի։ Եթե դրանք իրատեսական լինեն, բայց մենք դրանք չկատարենք, այդ դեպքում թող ընտրողները մեզնից պահանջեն»,- հայտնել է վարչապետը։
Հիշեցնենք, որ 2017-ի հունվարի 1-ից Հայաստանում նվազեցվել են գազի սակագները։ Մասնավորապես, տնային տնտեսությունների համար գազն էժանացել է 146․7 դրամից մինչեւ 139 դրամ ՝ 1 խորանարդ մետրի համար, իսկ անապահովների համար՝ մինչեւ 100 դրամ (տարեկան առաջին 600 խոր․ մ-ի համար)։ Փետրվարի 1-ից Հայաստանի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 46․2 դրամից մինչեւ 44․98 դրամ մեկ կՎՏ/ժ-ի համար։ Եւ գազի, եւ էլեկտրաէներգիայի սակագները նվազել են նաեւ բիզնեսի համար։











