Անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր 22 օրում գտնել ղարաբաղյան հակամարտության հիմնարար խնդիրների լուծումը կողմերի հակադիր դիրքորոշումների պայմաններում: NEWS.am-ի հետ զրույցում նշել է Եվրաինտեգրման հարցերի խորհրդարանական հանձաժողովի ղեկավար, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այդպիսի լավատեսության հիմքեր չեմ տեսնում, այդ թվում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից: Եթե Ադրբեջանի նախագահը չլուծված խնդիրների եւ անհաղթահարելի արգելքների մասին հայտարարում է նույնիսկ իր երկրի խորհրդարանի ընտրության օրը եւ կրկին անցնում է միլիտարիստական հռետորության, ապա քիչ հավանական եմ համարում, որ բանակցային գործընթացում որեւէ առաջընթաց կլինի», - նշել է Զոհրաբյանը` ավելացնելով, որ անկյունաքարայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է:

NEWS.am-ը հաղորդել էր, որ ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Աստանայի գագաթաժողովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բեկումնային պահը կարող է դառնալ:

Հիշեցնենք, որ այդպիսի հնարավորության մասին հոկտեմբերի 27-ի Աստրախանի հանդիպումից հետո խոսել էր նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

ԵԱՀԿ գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ 2-ին Աստանայում: