Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում այլեւս չեն հավատում ԱԺ պատգամավորության թեկնածուների խոստումներին:
«Անցան, իրանց աթոռը զավթեցին, ոչ մի մարդ չեն ճանաչում, որպես գյուղ գան էստեղ, տեսնեն մարդիկ են ապրում, ինչ վիճակի են ապրում, չեն իմանում, անտեսեն գը»,- ասում է շիրակամուտցի Խաչատուր Պապիկյանը:
Բնակչի խոսքով, ԱԺ պատգամավորության թեկնածուներին ու ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորներին վերջին անգամ Շիրակամուտում տեսել են 4-5 տարի առաջ՝ նախընտրական շրջանում՝ խոստումներ տալիս:
«Խոստումներ միշտ էլ կուտան, բայց ապարդյուն»,-ասում է բնակիչն ու եզրափակում. «Ոչ մի կուսակցությունից հավատ չկա, ոչ մի: Մենք, մեր լապատկեն, մեր եղանը, մեր հույսը էդ է: Իրանք՝ իրանց աթոռի համար է էս կռիվ-դավին»:
75-ամյա Վարդգես Իգիթխանյանը եւս դժգոհ է ներկայիս Ազգային ժողովում ընդգրկված պատգամավորներից: Գտնում է, որ իր ստացած թոշակն ու նրանց ստացած աշխատավարձը համարժեք չեն. «Էդքան ինչի՞ են հավաքել… Էդ ո՞նց է իրանց մի մարդուն կհասի ամիսը 1000 դոլար, խեղճ, ընձի պես մարդուն, որ սաղ կյանքս աշխատել եմ, էդ 30.000 դրամն են տվել թոշակ»:
Ռազա տատը առաջիկա ընտրությունների հետ ոչ մի հույս չի կապում: Ասում է՝ հույս չունեմ հեչ, ժողովրդի հույսը կտրած ա, բալա ջան:
Ապա հիշելով նախորդ ԱԺ ընտրությունները, անկեղծանում է՝ 5000 դրամ ընտրակաշառք է վերցրել ու ընտրել նրան, ում համար գումարը տվել են:
Այս անգամ, սակայն, որոշել է՝ այդպես չի վարվելու:











