«Ելք» դաշինքի անդամները  քարոզարշավն այսօր՝ մարտի 15–ին շարունակեցին Նոր Նորքում. Դաշինքի 3–րդ հորիզոնականը զբաղեցնող, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դարձյալ  ավտոտնակների կտուրներից ընտրողներին  «ավետեց», որ ելք  կա, որի օգտին նրանք կարող են քվեարկել ապրիլի 2–ին։

«Մենք եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության  ձեւավորած հուսահատության  ճգնաժամից, հուսահատության ճահճից ելք կա, եւ ապրիլի 2–ին դուք կարող եք օգտվել ելքի այդ հնարավարությունից ընտրական տեղամասեր գնալով եւ «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով»,–հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ամփոփելով քարոզարշավի տասը օրը Նիկոլ Փաշինյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի  քաղաքական իրողության չէր հանդիպել, որ մարդիկ տներից ու պատուհաններից բղավեն, որ քվեարկելու են իրենց օգտին։

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ մարդիկ հուսահատված են, ընտրությունների եւ քաղաքական ուժերի հետ հույսեր չեն կապում, քանի որ այլընտրանք չկա, պատգամավորն ասաց.

«Ես զարմացած եմ մի ֆենոմենի վրա, որ հիմա շատ է խոսվում վախի մթնոլորտի մասին, բայց ես երբեք էսպիսի քաղաքական իրողության չեմ հանդիպել, երբ որ բազմաթիվ մարդիկ տներից,  պատուհաններից գոռում են, վանկարկում, ասում են, որ իրենք մեր օգտին են քվեարկելու։ Հայաստանում ամենամեծ խնդիրը հուսահատությունն է, բայց կան փաստեր այն մաին, որ մենք այս տեմպով կճեղքենք հուսահատությունը»,-ասաց նա:

Հարցին՝ «Ելք»–ին հաջողվե՞լ է համոզել քաղաքացիներին, որ,  հուսահատությունը Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունն են ձեւավորել եւ քաղաքացիները չընտրեն նրանց այն «լռության ուխտավորներին», որոնց մասին բարձրաձայնում եք, պատասխանեց. «Ելք»–ին հաջողվել է համոզել, մնում է, որ Հանրապետականին չհաջողվի հակառակը համոզել առաջիկա տասը օրվա ընթացքում։ Ամեն դեպքում, ոչ մեկ չգիտի, թե ընտրողը ինչպես է կայացնում որոշումը»:

Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որ քարոզարշավն իրականացնող գործիչներից ծրագրերի սեղմագրի փոխարեն պահանջում են գումարով ծրար՝ ասաց. «Դա վկայում է այն մասին, որ  հուսահատ քաղաքացիներ դեռեւս գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ցավոք սրտի»։