Եթե Ջրառատի դեպքերին իրավական ճիշտ գնահատական չտրվի, ոչ մեկի համար լավ չի լինի: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Կապանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Սյունաց աշխարհում, որտեղ վախի մթնոլորտ ընդհանրապես չկա եւ Ջրառատի դեպքերը չեն կարող այստեղ վախի մթնոլորտ առաջացնել: Եվ սյունեցին, եւ հայ ժողովուրդը, միշտ իրենց իրավունքների տերն են եղել: Իսկ Ջրառատում կատարվածի վերաբերյալ մենք անպայման պահանջելու ենք, որպեսզի իրավական եւ ճիշտ գնահատական տրվի, իսկ եթե չտրվի, լավ չի լինի ոչ մեկի համար: Օրինական պահանջներ ենք լինելու այդ դեպքերի առնչությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշինքի թեկնածուները մարտի 13-ին եւ 14-ին Վայոց Ձորի եւ Սյունիզի մարզում էին: Ամփոփելով երկօրյա քարոզարշավը  Սեյրան Օհանյանը նշեց, որ սյունեցիների մեջ նկատել է նեղ մտածողության տեր մարդկանց:

«Ես կարծում եմ, որ մենք մեր աշխատանքները Սյունիքում իրականացրեցինք բավական բարձր մակարդակով: Կարծում եմ, ժողովուրդը մեզ հետ եղել է ազատ, համարձակ: Բոլորին էլ ասել ենք, որ ժողովրդի հետ ենք՝ պատրաստ այդ արմատական բարեփոխումներն իրականացնելու, հուսահատության եւ հուսալքության մթնոլորտը փոխելու: Բայց կարծում եմ, որ այս երկու օրերին մեր հանդիպումներին ներկայացած մարդկանց քանակը ցույց է տալիս, որ իրականության մեջ որոշակի նեղ մտածողություն ունեն: Բայց այդ մտավախությունը կամաց-կամաց փարատվում է: Հենց այսօր՝ Կապանում, այստեղ անցկացված հանրահավաքը ցույց է տալիս, որ մենք եւ մեր համակիրները բազմաթիվ ենք»,- ասաց դաշինքի առաջնորդը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 258-րդ (Խուլիգանությունը) եւ 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 17-ամյա Արայիկ Մելքոնյանը, 26-ամյա Հակոբ Մելքոնյանը եւ  53-ամյա Մելիք Մելքոնյանը:

Ըստ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների, հարձակվողները դուրս են եկել գյուղապետարանի շենքից: Միջադեպին առնչություն են ունեցել Երանոսյանյան եղբայրները եւ նրանց հարազատները: