Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ Պանայոտիս Զխուրիդիսի («Անկախ հույներ» կուսակցության փոխնախագահ), Լիանա Կանելիի (Կոմունիստական կուսակցություն), Սիլվանա Ռապտիի (Համահունական սոցիալիստական շարժում), Էվի Խրիստոֆիլոպուլուի («Դեմոկրատական միավորում» կուսակցություն), Գեորգիոս Կումուցակոսի («Նոր դեմոկրատիա» կուսակցություն) հետ:

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Միրզոյանը հույն խորհրդարանականներին է ներկայացրել Արցախում եւ նրա շուրջ իրավիճակը, նաեւ անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլին եւ բանակցային գործընթացի վերսկսման նպատակով Արցախի իշխանությունների կողմից նախաձեռնվող քայլերին:

Անդրադառնալով Արցախում պետականաշինության գործընթացում ձեռքբերումներին եւ վերջին զարգացումներին՝ ԱԳ նախարարն ընդգծել է Արցախի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների հավատարմությունը անկախ պետականության ամրապնդմանը, որը հիմնված է դեմոկրատական արժեքների եւ սկզբունքների վրա:

Հանդիպումների ընթացքում կարծիքների փոխանակում է կատարվել խորհրդարանական դիվանագիտության միջոցով համագործակցության հնարավորությունների եւ հեռանկարների վերաբերյալ: