ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը դատապարտում է Ջրառատում տեղի ունեցած բախումները եւ նշում, որ նման մարդիկ պետք է պարտադիր օրենքի առջեւ պատասխան տան:

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ոչ միայն ՀՀԿ թեկնածուների մասնակցությամբ են նման միջադեպեր լինում. «Ցանկացած կուսակցություն հասարակության հայելին է, ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»:

Դիտարկմանը, որ որոշ ընտրական տարածքներում նույն կուսակցության թեկնածուներն են իրար դեմ պայքարում, երբեմն անցնելով օրինականության սահմանները, Արմեն Ամիրյանն ասաց. «Դա փաստում է, որ մեր հասարակության մեջ մշակութային պակաս կա, մենք պետք է լրացնենք այդ պակասը»:

ՀՀԿ-ական թեկնածուն նշեց, որ շատ բարձր է գնահատում ՀՀԿ-ի շանսերը առաջիկա ընտրություններում, «որովհետեւ մեր ծրագրերը շատ իրատեսական են»:

Արմեն Ամիրյանը հրաժարվեց պատասխանել ընտրություններին վերաբերող հարցերին՝ նշելով, որ դա օրենքի խախտում է. «Դուք ինձ դրդում եք խախտել օրենքը: Այս ժամին քարոզչությամբ չի կարելի զբաղվել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որին հաջորդել էին կրակոցներ ու դանակահարություն։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Մելիք Մելքոնյանը, նրա անչափահաս որդին եւ եղբորորդին։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների խոսքով, հարձակվողները դուրս էին եկել գյուղապետարանի շենքից: Միջադեպին առնչություն են ունեցել Երանոսյանյան եղբայրները եւ նրանց հարազատները:

Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 258-րդ (խուլիգանությունը) եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով։