Թուրքիայի և Նիդեռլանդների միջև հարաբերությունները կտրուկ լարվեցին այն բանից հետո, երբ, հետևելով Գերմանիայի օրինակին, Նիդեռլանդները արգելեցին թուրք նախարարներին հանդիպումներ ունենալ տեղի թուրքական համայնքի հետ և Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի շուրջ քարոզչություն իրականացնել: Ինչո՞ւ Եվրոպան գնաց նման քայլի, որքանո՞վ է այս լարվածությունը ձեռնտու Էրդողանին, ո՞րն է կատարվածում Ռուսաստանի դերը, եւ որքա՞ն հեռու կգնան ՆԱՏՕ–ի գործընկերներ Թուրքիան եւ եվրոպական առաջատար երկրները. այս հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ 

Ի՞նչն է Թուրքիայի դեմ եվրոպական այս բոյկոտի իրական շարժառիթը: Կարծիք կա, որ այս պատմության մեջ գլխավոր գործող անձը Գերմանիան է, որին դուր չի գալիս ռուս-թուրքական մերձեցումը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված Եվրոպայի առաջատար երկրների նման կոշտ վերաբերմունքը Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հանդեպ։

Պետք է նշել մի քանի կարևորագույն պատճառներ, որոնց հետևանքով տեղի ունեցան այս իրադարձությունները: Արդեն մի քանի տարի է՝ Էրդողանի վարած քաղաքականությունը խիստ անհանգստացնում է Եվրոպային: Այն Եվրոպային հիշեցնում է դեռևս 100 տարի առաջ վերացած օսմանյան սուլթանության քաղաքականությունը: Էրդողանը փորձում է իր քաղաքականությունով նույնիսկ ազդել եվրոպական քաղաքական գործիչների, եվրոպական պետությունների վրա և հիմնականում Եվրոպայում ապրող թուրքերի միջոցով տանել իր քարոզչությունը: Այս հանգամանքը արդեն վաղուց անհանգստացնում է եվրոպական իշխանություններին: Դեռևս Գերմանիայում տարիներ առաջ իշխանությունները շեշտեցին, որ թուրք պաշտոնյաները Գերմանիայում ապրող թուրքերին պետք է չստիպեն մոռանալ իրենց գերմանացի լինելը և անպայման պահպանել իրենց թուրքական ինքնությունը։  Սա, բնականաբար, ունեցավ շարունակություն և վերջին դեպքերի հետ կապված ավելի սրացավ: Ի՞նչ տեղի ունեցավ: Ինչու՞ եվրոպական իշխանությունները Հոլանդիայում, Գերմանիայում, ապա նաեւ՝ Դանիայում, Շվեդիայում արգելեցին թուրք գործիչների՝ նախընտրական այդ քարոզարշավի շրջանակում կազմակերպվող հանդիպումները:

Եվրոպայում տեսնում են, որ Թուրքիայում վերջին երկու տարվա մեջ ներքաղաքական կյանքը բավականին լարված է, հասարակությունը բևեռացված է, իսկ այս պահին էրդողանականների և նրա ընդդիմադիրների միջև պայքարը Թուրքիայի իշխանությունները փորձում են տեղափոխել Եվրոպա: Դա Եվրոպայի համար արդեն ազգային անվտանգության սպառնալիք կարելի է դիտարկել: Այսինքն՝ Հոլանդիայում եթե ապրում է մոտ 400-500 հազար թուրք, Էրդողանի գալով, Էրդողանի իշխող կուսակցության քարոզարշավով հրահրվում է Հոլանդիայի հասարակության հատվածի երկու խմբերի միջև լարվածություն, իսկ երկրի ներսում խոշոր ազգային փոքրամասնության մեջ լարվածություն և հակամարտություն Հոլանդիային և որևէ եվրոպական երկրին պետք չէ: Իհարկե, կան նաև այլ գործոններ: Այլ գործոնը հիմնականում կապված է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում հարաբերությունների աճող լավացմամբ: Թուրքիան վերջին մեկ–երկու տարվա մեջ կարծես հեռացել է Եվրոպայից և դուրս է գալիս Եվրոպայի ազդեցության գոտուց: Այս ընթացքում Էրդողանը հասկացել է, որ իր վարած քաղաքականությունը և Եվրոպայի ուզած եվրոպական արժեքներն ու ժողովրդավարությունը չեն կարող համահունչ լինել, և նա փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել, նա փնտրտուքի մեջ է: Եվ այդ առիթը չի բաց թողնում հենց Ռուսաստանը՝ փորձելով Թուրքիային գրավել և մտցնել իր ազդեցության տակ: Իհարկե, Ռուսաստանը հասկանում է, որ Թուրքիային ամբողջովին կտրել Արևմուտքից անկարող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և այս պահին ուղղակի չի կարող ՆԱՏՕ-ից դուրս գալ ու «ինտեգրվել» Ռուսաստանի հետ որևէ միության կամ անվտանգության որևէ գոտու մեջ: Պետք է հիշել նաև ընդամենը մեկ ու կես տարի առաջ տեղի ունեցած միջադեպը ռուսական օդանավի հետ կապված, որը թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար մեկը մյուսի նկատմամբ անվստահության մեծ բաժին ապահովեց: Որքան էլ որ հիմա այս Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը շարունակվի, այդ անվստահության չափաբաժինը արդեն կա: Անցել են ամիսներ, սակայն Ռուսաստանը դեռ չի հանել Թուրքիայի դեմ սահմանած որոշ պատժամիջոցներ։ Ռուսաստանը դեռ պահպանում է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, որոշ սննդամթերքի հետ կապված սահմանափակումներ դեռ կան,  այսինքն՝ վերջնական հարաբերությունների կարգավորման դեռ չեն վերադարձել:

Նիդեռլանդների և Թուրքիայի միջև լուրջ կոնֆլիկտի հետ կապված Եվրախորհրդարանի փոխնագահը ԵՄ–ին կոչ է արել համաձայնեցնել և հանդես գալ մեկ ընդհանուր դիրքորոշմամբ, որը կարգելի օտարերկրյա պաշտոնյաներին ԵՄ–ում  քարոզչական գործունեություն իրականացնել: Նման քայլերի թիրախը Էրդողանը և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության ներկայացուցիչնե՞րն են, թե՞ հենց Թուրքիան։

Այս համատեքստում մի փոքր այլ են իրական զարգացումները: Ոչ միայն Նիդեռլանդներն և Գերմանիան են գիտակցում թուրքական այդ վտանգը: Թուրքական մեծ համայնք է ապրում են նաև Ֆրանսիայում, սակայն, ինչպես տեսանք, Ֆրանսիան թույլատրեց որոշ գործիչների քարոզչական հանդիպումներ իր տարածքում: Սա ի՞նչ է նշանակում: Մի՞թե Ֆրանսիան համերաշխություն չցուցաբերեց Հոլանդիային և Գերմանիային: Իհարկե ոչ: Սա այլ բան է ենթադրում: Գերմանիան և Հոլանդիան համապատասխան արձագանք տվեցին Թուրքիային, կամ կարելի է ասել՝ Թուրքիային իր տեղը ցույց տվեցին, և այս զարգացումները շարունակելու անհրաժեշտություն եվրոպական երկրները չեն տեսնում, և այս պահին արդեն լարվածության գագաթնակետն անցել է, սկսվում է բանակցությունների կամ սառը դատողությունների փուլը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակած նոր Սահմանադրության նախագիծը էականորեն ընդլայնում է Էրդողանի իշխանությունը և իրավասությունը: Հետևաբար, Էրդողանը առավել քան հետաքրքրված է, որպեսզի այս հանրաքվեին ստանա ձայների մեծամասնությունը:Եվրոպական երկրների կողմից այս Սահմանադրության հանրաքվեի քարոզչությունը իրենց երկրների տարածքում արգելելուց հետո Էրդողանը անցավ բացահայտ վիրավորանքների և սպառնալիքի՝ կարծես հատուկ ավելի սրելով իրավիճակը և մեծացնելով լարվածությունը: Կա վարկած, որ Էրդողանը հատուկ է սրում լարվածությունը Եվրոպայի դեմ, որպեսզի այդ հռետորաբանությամբ փորձի ապահովել թուրքերի կոնսոլիդացիան և հանրաքվեի շուրջ ստանալ նաեւ Թուրքիայի ընդդիմադիր ուժերի աջակցությունը։ Որքանո՞վ է իրատեսական այդ վարկածը, և արդյոք Եվրոպան կգնա լարվածության թուլացման, որպեսզի չխաղա հօգուտ Թուրքիայի: 

Թուրքիայի վերջին երկու–երեք տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի նախագահն իր անձնական ամբիցիաների համար, իր կուսակցությունը առաջ տանելու համար ցանկացած քայլի գնում է, ընդհուպ մինչև՝ Թուրքիայի արևելքում քրդական ըմբոստ հատվածի դեմ բռնաճնշումները: Այս համատեքստում, երբ մենք տեսնում ենք Էրդողանի բավականին կոշտ և, կարելի է ասել, ցենզուրայից դուրս հայտարարությունները՝ ընդդեմ Գերմանիայի և Հոլանդիայի, որի իշխանություններին անվանում է «ֆաշիստ», իհարկե, կարելի է ասել, որ Էրդողանը փորձում է իր այս վարքագծով և այլ երկրների հետ լարվածություն առաջացնելով՝ իր երկրի ներսում համախմբման պատրանք ստեղծել: Չմոռանանք, որ Էրդողանը իր էությամբ անկառավարելի է, և նա ցանկացած պարագայում, թեկուզ դա հաշվարկված չլիներ, գնալու էր այդ քայլին։ Նա պոռթկումով հայտնի անձնավորություն է: Շատ դեպքերում առանց հաշիվ տալու անում է հայտարարություններ: Այս համատեքստում նա նպատակ ունի իր շուրջը համախմբել գլխավորապես ազգայնական հատվածին: Իհարկե, Թուրքիայում կան «այո»-ի և «ոչ»-ի կողմնակից բավական ստվար զանգվածներ, սակայն Թուրքիայում փորձագիտական շրջանակները շեշտում են, որ սոցիալական հարցումների արդյունքներով՝ «ոչ»–ն է առաջատար, և Էրդողանը այս պահին փնտրտուքների մեջ է՝ ինչպես ավելացնել «այո»-ի տոկոսները, ինչի ճանապարհը նա տեսավ արտասահմանում ապրող թուրքերին իր կողմը գրավելու մեջ: Քանի որ Թուրքիայի բնակչությունը արդեն կողմնորոշվել է, չկողմնորոշվածների գլխավոր հատվածը գտնվում է հենց Եվրոպայում, իսկ թուրքաբնակ ամենախոշոր եվրոպական երկրները Գերմանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդներն են: Նույնիսկ թուրքերն են խոստովանում, որ Հոլանդիայի իշխանությունների իրականացրած քայլերի հետևանքով՝ Թուրքիայում «այո»–ն երկու կետով առաջադիմել է: Սակայն չմոռանանք, որ նաև հոլանդական իշխանությունների կողմից Թուրքիայի նկատմամբ այս կոշտ քայլերը ունեն իրենց շահերը: Մարտի 14-ին Հոլանդիայում կայացան ընտրություններ, և բազմաթիվ փորձագիտական կենտրոններ նշում էին, որ աջակողմյան ազգայնական ուժերը բավականին մեծ վարկանիշ ձեռք բերեցին՝ վերջին օրերի թուրք-հոլանդական այս լարվածության համատեքստում:

Ձեր կարծիքով՝ ինչի՞ կհանգեցնի Թուրք-եվրոպական այս նոր լարվածության ալիքը:

Սա հասկանալու համար պետք է մի փոքր հետ գնալ և նայել, թե ինչ է տեղի ունեցել, օրինակ, երբ եվրոպական որևէ երկիր ընդունել է Հայոց Ցեղասպանությունը։ Բավականին լարված իրավիճակ՝ դեսպաններին հետ կանչել, խիստ քննադատություններ, հայտարարություններ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ ընկել է իր տեղը, դեսպանները հետ են եկել, ամեն ինչ կարգավորվել է: Եվ կարծես ոչինչ չի եղել: Այս համատեքստում, կոնկրետ Գերմանիայի դեպքում, նախորդ տարի բավականին լարվեցին հարաբերությունները կրկին Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդնունման հետ կապված: Սակայն Թուրքիան Գերմանիայի հետ հարաբերությունները խզելու համար ոչինչ նույնիսկ չփորձեց անել: Գերմանիայի դեպքում ամեն ինչ պարզ է: Նա հասկացել է իր անելիքների շրջանակը, Եվրոպան էլ գիտի Թուրքիայի հնարավորությունների շրջանակը՝ առավելագույնը ինչի կարող է գնալ Թուրքիան: Անվտանգության առումով, Թուրքիան խիստ կապված է ՆԱՏՕ-ի հետ: Թուրքիայի հարավային սահմանները այս պահին էլ հսկում են ՆԱՏՕ-ի երկրների հակաօդային պաշտպանության ուժերը։Այսինքն Գերմանիայի դեպքում պարզ է՝ կվերադառնան հարաբերությունների նախկին մակարդակի:

Ի՞նչ տեղի կունենա Հոլանդիայի հետ:

Թուրք-հոլանդական տնտեսական հարաբերությունները գտնվում են բավականին լավ վիճակում: Հոլանդացի գործարարները Թուրքիայում վերջին 12 տարում իրականացրել են ավելի քան 12 մլրդ դոլարի ներդրում: Միայն 2016թ. հոլանդացիների ներդումները Թուրքիայում կազմել են 1մլրդ, որը համարվում է ռեկորդային 2016-ի համար: Թուրքիայում գործում են գրեթե 2700 հոլանդական կազմակերպություններ: Հոլանդիայում նույնպես գոյություն ունի թուրքական կապիտալ, Թուրքիայի ներկայիս վարչապետ Յըլդըրըմը և իր որդիները Հոլանդիայում ունեն խոշոր բիզնես, նավով բեռնափոխադրումների խոշոր ընկերություններ, և այս լարվածությունը հենց առաջին հերթին հարված է իրենց անձնական բիզնեսին, Բինալի Յըլդըրըմի պասիվությունը այս լարվածության հետ կապված դրանով է պայմանավորված: Այսինքն՝ տնտեսական հարաբերությունները բավականին սերտաճած են, և Թուրքիայի կողմից որևէ պատժամիջոցի մասին խոսելը առաջին հերթին կվնասի հենց Թուրքիային, հաշվի առնելով, որ այս պահին Թուրքիան տնտեսական առումով շատ վատ վիճակում է գտնվում: Ռուսաստանի պատժամիջոցներից հետո շատ ծանր կացության մեջ է հայտնվել, դրանց հետևանքները շատ դանդաղ են վերականգնվում, և այս պահին թուրքական իշխանությունները թույլ չեն տա նոր հարված տնտեսությանը: