Շոու բիզնեսի ներկայացուցիչներին իր քարոզչական արշավին ներգրավել է նաեւ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը։ Սյունիքի մարզում նրանց քարոզարշավին մասնակցում էին դերասաններ Սարգիս Միքայելյանն ու Սամվել Ասատրյանը:

NEWS.am-ի հետ զրույցում դերասաններն ասացին, որ ՕՐՕ–ին սատարում են այն պատճառով, որ դաշինքի երեք առաջնորդները՝ Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սեյրան Օհանյանը այն գործիչներն են, որոնց «կողքին չեն ամաչում կանգնել»:

Երկու դերասաններն էլ պնդեցին, որ չեն վախենում հասարակության քննադատությունից, որին արժանացել են, օրինակ, Հանրապետականին աջակցող՝ շոու բիզնեսի ներկայացուցիչները։ Ավելին՝ Սարգիս Միքայելյանը նշեց, որ շոու բիզնեսի այդ ներկայացուցիչներին չի համարում իր գործընկերները։

«Նրանք իմ կոլեգաները չեն, այլ թույլ երգիչներ, որոնք կոպեկի համար իրենց ձայնն են վաճառում: Դա նույնն է, ինչ ընտրակաշառք վերցնելը: Ինչպես ժողովրդին, այնպես էլ այդ երգիչներին, մի ձեռքով տալու են, հետո 5 տարի քամեն»,– ասաց դերասանը: