Քաղաքական ուժերը նյարդայնացած ու խուճապի մատնված պատրաստվում են համապետական ընտրություններին, քանի որ քաջ գիտեն, որ հայտնվել է մի քաղաքական ուժ՝ ի դեմս ՀԱԿ-ի, որը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունն ու աջակցությունը: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Դրանով է պայմանավորված նրանց ներվային վիճակը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իշխանական որոշ պատգամավորների այն պնդումներին, թե գալիք խորհրդարանական ընտրություններում հավակնում են ստանալ քվեների  99,9  տոկոսը, Զուրաբյանը հեգնեց. «Եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունը կարող է 99,9 տոկոսի փոխարեն ստանալ 101 տոկոս ձայն: Եթե մի ընտրատեղամասում քվեարկում է ընտրողների 120 տոկոսը, ապա ամեն ինչ էլ հնարավոր է»:  

Հարցին, թե եթե չհաջողվի արտահերթ ընտրությունների անցկացումը, ՀԱԿ-ը կմասնակցի՞ հերթական ընտրություններին, Զուրաբյանը նկատեց, թե չի ուզում խոսել նման հոռետեսական սցենարի մասին:  «Մենք պայքարը չենք դադարեցնելու եւ ամեն գործիք օգտագործեու ենք երկրում դեմոկրատիա հաստատելու համար»,-նկատեց ՀԱԿ համակագողը: Նա նաեւ ընդգծեց, որ ՀԱԿ-ի թեկնածուն նախագահական ընտրություններում լինելու է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը: «Մի բանում կարող եք վստահ լինել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնում է ՀԱԿ-ի անվիճելի առաջնորդը եւ նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուն լինելու է հենց նա»,-հայտարարեց Զուրաբյանը: