Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձեւի նախագիծը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ-ի ԽՎ)` ուրբաթ օրը մեկնարկող 56-րդ նստաշրջանի օրակարգից հանվել է բոլոր կողմերի առաջարկով: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը:
«Բանաձեւի հանելը եւ զեկույցի քննարկման հետաձգումը կապված էր բոլոր կողմերի առաջարկությունների հետ` թե՜ մեր առաջարկությունները, թե՜ Ադրբեջանի առաջարկությունները, թե՜ ընդհանուր մոտեցումները Խորհրդարանական վեհաժողովում բերեցին նրան, որ այդ քննարկումը ուղղակի դուրս եկավ օրակարգից», - ասել է Ավագյանը:
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակությունը առաջարկներ էր նախապատրաստել, բայց անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ այս նստաշրջանում նախագիծը չի քննարկվելու:
Հարցին` նախագիծը ամբողջությա՞մբ է հանված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի օրակարգից, թե՞ պարզապես քննարկումն է հետաձգվել, Կարեն Ավագյանը պատասխանել է. «Վերջնական կասենք արդեն, երբ կվերադառնանք: Այնտեղ համապատասխան ղեկավարներից կփորձենք հասկանալ դրա հետագա ճակատագիրը»:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարը շարունակում է մնալ այն համոզմանը, որ եթե նույնիսկ հետագայում այդ բանաձեւի նախագիծը քննարկման դրվի` «որեւէ խնդիր չկա եւ ոչ մի ատյանում մեր դիրքորոշումները ներկայացնելու համար»: «Այսինքն, մենք պատրաստ ենք ցանկացած հարթակում շատ հստակ ներկայացնել մեր դիրքորոշումները, եւս մեկ անգամ հասանելի եւ հնչելի դարձնել», - ասել է Կարեն Ավագյանը:
Նշենք, որ ՆԱՏՕ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը մեկնարկել է նոյեմբերի 12-ին Վարշավայում:





























