Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարությունները պայմանավորված են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի մոտենալով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:
«Ադրբեջանի նախագահն արդեն սովորություն է դարձրել իր հայ գործընկերոջ հետ ամեն հանդիպումից առաջ հանդես գալ նման սադրիչ հայտարարություններով. որպեսզի տորպեդահարի բանակցությունները եւ շանտաժի ենթարկի միջազգային հանրությանը»,- նկատեց Կարապետյանը։ Նա նաեւ խորհուրդ տվեց Ադրբեջանի ղեկավարի ռազմաշունչ հայտարարությունների տակ ավելի խորը բաներ չփնտրել։
Հրայր Կարապետյանը նաեւ ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի նախագահի նմանօրինակ հայտարարություններին։ «Վերջիվերջո, Բաքուն մշտապես տորպեդահարում է բանակցությունները, հրաժարվում իր պարտավորություններից»,- նկատեց պատգամավորը՝ ընդգծելով, որ եթե միջազգային հանրությունն այսուհետ եւս չարձագանքի Բաքվի դիրքորոշմանը, Ադրբեջանը կհրաժարվի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր եկել հերթական սադրիչ հայտարարությունով՝ հայկական կողմին սպառնալով պատերազմով եւ ադրբեջանական բանակի «մարտունակությամբ»։ Նա ընդգծել էր, որ Ադրբեջանն անում է ամեն բան Հայաստանին աշխարհից մեկուսացնելու համար։ «Հայաստանն այժմ աշխարհագրական փակուղի է»,- հայտարարել էր նա։





























