Եվրոպական միության դատախազությունը առնվազն 9  մարդու  մեղադրանք է առաջադրել Կոսովոյում մարդկային օրգանների ապօրինի առեւտուր իրականացնելու համար: ԵՄ  դատախազության ներկայացուցիչ Ջոնաթան Ռեյթելի տվյալներով, չարագործների խումբը այդ նպատակով օգտագործել է սոցիալապես անապահով խավի մարդկանց:

Վիրահատություններն իրականացվել են Կոսովոյում: «Հաճախորդին», օրինակ, առաջարկել են հրաժարվել մի երիկամից: Մեղադրյալները  դոնորներին օրգանների համար առաջարկել են  20 հազար դոլար, սակայն դրանք վաճառել են 110-137 հազար դոլարով: 2008 թվականի ընթացքում շուրջ 20 արտասահմանցի, այդ թվում նաեւ Ռուսաստանի, Մոլդովայի, Ղազախստանի եւ Թուրքիայի քաղաքացիներ, «հավաքագրվել են դրամական հատուցում ստանալու կեղծ խոստումներով»,-ասվում է մեղադրական ակտում:

Հայտնի է, որ մեղադրանք է առաջադրվել Կոսովոյի 7 քաղաքացիների, այդ թվում տեղի առողջապահական ոլորտի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, ինչպես նաեւ մեկ թուրքի եւ իսրայելցու: Նրանցից ոչ ոք դեռեւս չի կալանավորվել: Նշված գործով դատաքննությունը նախատեսված է անցկացնել նոյեմբերին: Չի բացառվում, որ մեղադրյալների թիվն ու նրանց առաջադրված մեղադրանքի հոդվածները կավելանան: