Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքը (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, թե ցուցարարներից շատերը դաշինքի դրոծներով են, որոշների ձեռքին էլ կա Արցախի պաշտպանության նախկին նախարար, օրեր առաջ կալանավորված Սամվել Բաբայանի նկարները: Շատերն «Ազատություն Սամվել Բաբայանին» գրությամբ պաստառներով են եկել, Սամվել Բաբայանի լուսանկարներով պաստառներ, Սամվել Բաբայանի նկարով շապիկներ են հագել:

Ամբիոնում են դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչներ:

Հանրահավաքը վարող Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե Ազատության հրապարակում ըստ էության ամփոփիչ հավաքն են անում: «Հավաք, որը իշխանությունը ապօրինություններով փորձեց, որ չկայանա, բայց միեւնույն է չհաջողեց»:

«Մենք ունեցանք շատ վատ քարոզարշավ, իշխանությունների ապօրինությունների պատճառով, սեւ քարոզչություն, բռնարարքներ, կրակոցներ, Ջրառատ»,- ասել է Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի, առաջին քայլը, որ անելու է ՕՐՕ-ն իշխանության գալուն պես, բոլոր քաղբանտարկյալների ազատումն է, «Սասնա ծռերին» ներառյալ: «Այսօր բանտերում գտնվում են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մանր հանցանքների համար խոշոր պատժաչափեր են ստացել: Հակառակ նրան, որ բյուջեն թալանողները ազատության մեջ են: Մեր քայլերից է նաեւ շատ կարճ ժամանակում իրավական ընթացակարգերը պահպանելով խորը եւ համապարփակ համաներումը»,- ասել է նա: