Հայաստանի խորհրդարանը շարունակել է քննարկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2009թ. գործունեության զեկույցը:
Ըստ փաստաթղթի՝ 2009թ. օմբուդսմենի գրասենյակ են դիմել մոտ 4,7 հազար մարդ: Ներկայացվել է ավելի քան 3700 դիմում: Գրասենյակի աշխատանքի շնորհիվ 378 մարդ հասել է իր իրավունքների վերականգնման: 2009թ. քաղաքացիներն ամենից շատ դժգոհել են ոստիկանությունից: Երեւանցիները դժգոհություններ են հայտնել նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատանքից: Այդ գերատեսչություններին հաջորդում են կրթության եւ գիտության, սոցիալական ապահովության նախարարությունները եւ դատարանները:
Որպես դրական փաստ է արձանագրվել, որ աշխատանքի ընթացքում օմբուդսմենի գրասենյակը չի բախվել բարդությունների հետ պետական կառույցներում:
Ինչպես նշել է մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, օմբուդսմենը մեծ եւ լուրջ աշխատանք է տարել:
Նշենք, որ զեկույցը պետք է ներկայացվեր ոչ թե աշնանային, այլ գարնանային նստաշրջանին: Ռաֆիկ Պետրոսյանը խախտումը բացատրել է տեխնիկական պատճառներով:





























