Երկու-երեք տարի հետո ղարաբաղյան հակամարտության մեջ կարող են հայտնվել նոր խաղացողներ, եւ դա կլինեն ոչ միայն նոր երկրները, այլեւ պետականություն չունեցող ժողովուրդները, ինչպես նաեւ կրոնական փոքրամասնությունները: Մարտի 29-ին կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց» թեմայով քննարկման ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի զարգացման վրա ազդում են ոչ միայն ռազմական գործոնները: Մասնավորապես` նավթի գները նվազել են, եւ Ադրբեջանում լարվածությունն աճում է նաեւ էթնիկ խմբերի միջեւ:

Նրա խոսքով` Ադրբեջանի կառավարությունը ազգային փոքրամասնություններին հայերի դեմ որպես վահան է օգտագործում` նրանց առաջավոր գիծ ուղարկելով եւ, փաստորեն, զոհաբերելով, դրանով իսկ նպաստելով հայերի դեմ ատելության խորացմանը: Այսինքն` Ադրբեջանում տեղի ունեցող փոփոխությունները բարդացնում են բանակցությունների ճանապարհով խաղաղության հասնելու հնարավորությունը:

Նրա խոսքով` միեւնույն ժամանակ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները, մասնավորապես` դիակների անարգումը, եւ այն, որ ռազմագերիներ չեն եղել, հանգեցրել են նրան, որ Հայաստանում Ադրբեջանի նկատմամբ խոր անվստահություն է առաջացել: Արա Պապյանի խոսքով` իր ընկերներից շատերը, որոնք փոխզիջումների կողմնակից էին, իրենց դիրքորոշումը փոխել են: