Երեւանի Ազատության հրապարակում ավարտվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմնակիցների երթը, որը ընթացավ «Խաղաղության երթ» խորագրով: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթը անցել է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով, եւ Թումանյան փողոցով վերադարձել են Ազատության հրապարակ: Երթի մասնակիցները վանկարկել են «Լեւոն» եւ «Խաղաղություն»:

Երթի առջեւից բաց թափքով բեռնատար է անցել, որի վրա երաժշտական գործիքներով եւ բարձրախոսներով ռոք երաժշտություն են նվագել ՀԱԿ երիտասարդները:

Երթը գլխավորել են ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նշենք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել երթին: Նա ամբողջ քարոզարշավի ընթացքում միայն երկու անգամ հեռուստատեսությամբ հարցազրույց է տվել, իսկ քարոզչական հանդիպումներից ոչ մեկին չի մասնակցել, թեեւ գլխավորում է դաշինքի ընտրական ցուցակը:

«Կոնգրես֊ՀԺԿ» դաշինքը ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսով եւ հանդես է գալիս արցախյան հարցում փոխզիջումների օգտին: