Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը (ֆոտոռեպորտաժ):

«Ազատության իրավունքի վրա բռնացողները մեր տեսակի, հայ ինքնության հետ կապ չունեն:

Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն, այլ կենսագրությունը, ինքնուրույնությունը, հավատարմությունը սկզբունքներին եւ աշխատանքը»,- ասել է Վարդանյանը:

Նա ասել է, թե հայ ժողովրդի մեջ արժանավոր մարդիկ ավելի շատ են: «Մեր խնդիրն է 100 հազարներին իրենց արժանի իշխանություն տալ: Տալ նոր որակի, ծառայության պատրաստ, երկիրը ու հայ մարդուն սիրող իշխանություն: Մտածողության փոփոխություն է պետք, որն արդեն սկսել ենք»,- ասել է նա եւ հավելել. «Սուտ է, թե հայ մարդը վախկոտ է, ծախվող է, եւ մորթապաշտ: Կունենանք նոր որակի իշխանություն, ազնիվ եւ արարող հասարակություն կունենանք, հիմա այդ ընտրությունն է»:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, թե ՀՅԴ-ի մասնակցությամբ կատարված փոփոխությունների որակն ու ծավալն այնքան է, որ առանց չափազանցության կարելի է հեղափոխական համարել:

«Այլեւս վերջ է դրված երկրում անարդարություն սերմանող մենիշխանությանը: Վերականգնվել է մարդկանց հիմնարար ընտրական իրավունքը, իսկ ընտրությունները դարձել են իշխանությունը ժողովրդին փոխանցելու իրական միջոց: Ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը հնարավորություն են ստացել իշխանություններին զսպելու եւ վերահսկելու կոնկրետ մեխանիզմներով»,- ասել է նա: 

Նշենք, որ ՀՅԴ հանրահավաքում ավելի շատ երգեր են հնչում, քան ելույթներ: Երգեր են երգել Գոռ Սուջյանը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Դավիթ Ամալյանը, Սահակ Սահակյանը, Ռուբեն Սասունցին: