Լեռնային Ղարաբաղի հակամամրտության կարգավորման հարցով որեւէ «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ առաջարկությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Բազմիցս հրապարակային հայտարարել ենք, որ որեւէ «Լավրովի պլան» գոյություն չունի: Ներկայում քննարկվող գաղափարների հիմքում առաջարկություններ են, որոնք համատեղ մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից: Դրանք լավ հայտնի են: Ընդհանուր առմամբ չմերժելով այդ հիմքը՝ կողմերը տարբեր կերպ են պատկերացնում դրա բաղադրիչները կյանքի կոչելու հաջորդականությունը: Այն փոխելու կամ համանախագահների կողմից մշակված սխեման հիմնովին փոխող նոր ծրագրեր առաջարկելու մասին խոսք չկա»,- «Ազերի Պրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ կարեւոր է կողմերին օգնել հավասարակշռված քաղաքական որոշում ընդունել, որը թույլ կտա անցնել իրավաբանական փաստաթղթերի մշակմանը: