Հայաստանը վաղուց զոհ չէ եւ չի պատրաստվում լինել. չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ քարոզարշավի ամփոփիչ հավաքի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Երեկ մենք հողին հանձնեցինք Պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆաելյանին, ով 20 տարեկան էր։ Հակառակորդի դավադիր կրակոցը գտավ նրան իր պահպանության տակ գտնվող տեղամասում, Հայրենիքի սահմանի իր հատվածը հսկելիս։

Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենյաց զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականացնելիս։ Երեկ կրկին բոլոր հասկացողները լուռ գոռում էին՝ պատերազմը չի՛ ավարտվել, գրողի տարած մարդասպան մեքենան դեռ կանգ չի՛ առել ու մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այո՛, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք վերջնական հանգրվանի  պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք։

Հայաստանը վաղուց զոհ չէ եւ չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: Ու մենք միակամ ենք այս հարցում։

Մեր միասնականության ծովն այլեւս հավիտյան իր մեջ է առել Արտակ Ռաֆաելյանին եւ մյուս տղաների ցավն ու հպարտությունը: Առել է, որ սնուցի մեր ու սերունդների միտքն ու հոգին, ոգին ու միասնականությունը, ցավն ու հպարտությունը: Մեր հոգիներն ու մեր սրտերը, մեր ցավն ու մեր հպարտությունն են այսուհետ լինելու նրանց տունը։ Ամենակարող Աստծո զորությամբ։

Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ եւ ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ երկիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ եւ ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին»: