Ադրբեջանը որեւէ զիջման չի ուզում գնալ, եւ խաբեբայություն են այն հավաստիացումները, թե զիջեք հետո քննարկենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝  Լեռնային Ղարաբաղ հիմնախնդրի լուծում մոտակա ժամանակներում չի լինելու։ 

«Չկա մի նախապայման, որ Արցախի հարցը լուծվի, մենք կարգավիճակի դեմ պատրաստ ենք զիջել տարածքները, իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը, ասում է՝ ոչ: Ադրբեջանը որեւէ զիջման չի ուզում գնալ, եւ խաբեբայություն են այն հավաստիացումները, թե զիջեք հետո քննարկենք: Այնպես որ, այսօր ստատուս քվոն պահվում է Ադրբեջանի մեղքով եւ որեւէ նախապայման ու վիճակ չկա, որ ասենք՝ Ադրբեջանը ուզում է հարցի լուծումը փոխզիջումներով»,- ասել է  Վաղարշակ Հարությունյանը։

Ըստ նրա՝ կա մի քանի լուծման տարբերակ.  երբ մի կողմը հասնում է հաղթանակի, երկրորդ տարբերակ, երբ կողմերը գալիս են համաձայնության եւ երրորդ, երբ ուժային տարբերակով միջազգային հանրությունը ստիպում է երկու կողմերին այնպես, ինչպես իրենք տեսնում են լուծումը, ինչպես Հարավսլավիայում էր:

Հարությունյանի խոսքով՝ Արցախի պարագայում այդ տարբերակը չի գործում, քանի որ որեւէ պետություն  ի վիճակի չէ ստիպել մի կողմին գնալ այս տարբերակի լուծման եղանակով։

«Հիմա հայկական կողմի անելիքը որն է, ինչ արել ենք 91թ-ից, պետք է շարունակել, ստեղծելով հզոր բանակ, կարողանալ նաեւ արտաքին քաղաքականության միջոցով կոմպենսացնել: Մեր զինվորներն ավելի պատրաստված են եւ սա է  հիմնական երաշխիքը, որ չլինի լայնածավալ պատերազմ»,-ասաց նա:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ հայ ժողովրդի եւ սփյուռքի խնդիրն է իմանալ, որ սա այն հարցն է, որ լուծում չունի: