ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը քվեարկության է ներկայացել կնոջ եւ երկու դուստրերի հետ: Լրագրողների հետ զրույցում նա Հայաստանին քվեարկության հանգիստ օր է մաղթել:
«Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, դրա համար բազմաթիվ քայլեր են արվել: Խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունն այնպիսի օրենսդրական դաշտ եւ վերահսկողության մեխանիզմներ են ստեղծել, որոնք յուրաքանչյուր քաղաքացու վստահություն պետք է ներշնչեն, որ իր ձայնը վճռական կլինի` հինգ տարով քաղաքական տեղաբաշխումը որոշելու հարցում»,- նշել է Սարգսյանը:
Վերջում պաշտպանության նախարարը լավ տրամադրություն, խաղաղություն եւ քվեարկության հանգիստ օր է մաղթել:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։
2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։











