Այսօր արդեն մեր ժողովրդից է կախված, թե ապրիլի 3-ին ինչպիսի Հայաստան կունենանք. ում վստահեն, ում ընտրեն, նրանք էլ թող պատասխան տան: Այսօր՝ ապրիլի 2-ին թիվ 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ընտրության արդյունքներից ակնկալիքների մասին հարցին այսպես պատասխանեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողներին հետաքրքրել է նաեւ, եթե դաշինքը 50+1 արդյունք չարձանագրի, արդյոք կկատարվե՞ն 15 մլրդ դոլարի ներդրումները, որոնց մասին նա հայտարարել էր «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հավաքի ժամանակ: «Եթե օրենքն իմ ձեռքը չլինի, երաշխավոր չլինի, ո՞նց եք պատկերացնում, որ կներդնեն»,- պատասխանել է Գագիկ Ծառուկյանը:
Նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ բազմաթիվ ընկերներ ունի ամբողջ աշխարհում, որոնք հարգում են իրեն, բայց ներդրումների համար երաշխավոր է պետք: «Որոշ չափով ներդրումներ կլինեն, ինչպես մինչեւ հիմա է եղել, բայց իհարկե, ամբողջ ծավալով չեն անի»,- ասել է Ծառուկյանը:
«Այսօր պետք է կուսակցությանը ձայն տաս, որը բարեփոխումներ անի, փոփոխություններ անի: Ով խոսք է տվել, որ գործ կանի, որ ժողովրդին էս վիճակից կհանի, նրանք էլ թող պատասխան տան: Ես ասել եմ այն, ինչը կարող եմ անել»,- հավելեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը:
Գագիկ Ծառուկյանը հերքել է լուրերն այն մասին, որ ամբողջ հանրապետությունում ընտրակաշառք են բաժանել:











