«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ ապրիլի 2-ին, ընտրության էր եկել կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ուղեկցությամբ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Օհանյան ամուսինները քվեարկել են թիվ 9 ընտրական տարածքի 41 տեղամասում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի վաղվա ապագայի, ինչպես նաեւ հորդորել է բարձր եւ տոնական տրամադրությամբ անցկացնել այս օրը:

Հարցին, թե ինչ ընտրախախտումներ է արձանագրել դաշինքը, Սեյրան Օհանյանը կրկին հիշեցրել է՝ պետք է օրն անցկացնել բարձր տրամադրությամբ. «Բոլոր խախտումների մասին մենք տեղեկացրել ենք, այժմ մեր շտաբը գնահատում է իրադրությունը, ամեն ինչ վերահսկողության տակ է: Բերեք այսօրն անցկացնել հանդարտ ոգով եւ անսասան հավատքով, որ ամեն ինչ լավ կլինի»:

Պաշտպանության նախկին նախարարը հույս է հայտնել, որ օրը կանցնի հանդարտ մթնոլորտում:

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն էլ նշել է, որ քվեարկել է հանուն Արցախի անվտանգության: