Նախընտրական քարոզարշավի ընթացքում միջադեպերը չպետք է ստվեր նետեն զինվորների ծառայության վրա, այսօրվա օրը ոչ միայն վշտի, այլեւ հպարտության օր է: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում ապրիլի 2-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Վիշտն ու ուրախությունը, լրացնելով միմյանց, միշտ ուղեկցել են հայ ժողովրդին իր ողջ պատմության ընթացքում: Շատ հաճախ ողբերգական իրադարձությունները մեր հպարտության պատճառ են դառնում: Մեր ժողովրդի պատմությունը լի է ողբերգական ու հերոսական իրադարձություններով, երբ հերոսներն արյուն են թափել: Եւ այսօր մենք պետք է անենք հնարավոր ամեն բան` արժանի խաղաղություն ձեռք բերելու համար: Բայց այսօր մենք գործ ունենք այնպիսի հարեւանի հետ, որ խաղաղություն այնքան էլ շուտ չի լինի», - նշել է Օհանյանը` հավելելով, որ յուրաքանչյուրի պարտքն է գլուխ խոնարհել ընկած հերոսների հիշատակի առջեւ:

Խոսելով ապրիլի 2-ին երկրում տեղի ունեցող համընդհանուր խորհրդարանական ընտրությունների մասին` նա ընդգծել է, որ խախտումներ են արձանագրվել, որոնց մասին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարությամբ հանդես կգա երեկոյան: