Իրանի քաղաքացի 50-ամյա Յագուբ Թոհիդիբոստանաբադին, որի դիակը հայտնաբերվել էր նոյեմբերի 14-ի գիշերը Գորիսի Արցախյան խճուղու հարակից ձորում, սպանել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գորիսի բաժին է դիմել Իրանի քաղաքացի, Սամադ Ս.-ն եւ հայտնել, որ ազգականը` 50-ամյա Յագուբ Թոհիդիբոստանաբադը, նոյեմբերի 11-ին,  ժամը 18.00-ի սահմաններում, իրեն ամրակցված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով  Եղեգնաձորից ճանապարհվել է Իրան, սակայն հաջորդ օրը` նոյեմբերի 12-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ավտոմեքենան հայտնաբերվել է Գորիս քաղաքի Երեւանյան խճուղում գործող ավտոկայանատեղում, իսկ նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք տեղեկություն չունի:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է, որ 25-ամյա Գրիգոր Մ.-ն նոյեմբերի 12-ի գիշերը Գորիսի Երեւանյան խճուղուն հարակից տարածքում գործող ավտոկայանատեղի պահակի տնակում մուրճով հարվածներ հասցնելով Յա. Թոհիդիբոստանաբադի գլխին՝ սպանել է նրան, ապա ավտոկայանատեղի աշխատակից,  21-ամյա Արա Մ.-ի հետ դին սայլակով տեղափոխել եւ նետել են Վարարական գետը, որտեղ էլ նոյեմբերի 14-ին,  ժամը 04.00-ի սահմաններում, հատնաբերվել է դիակը:

Գրիգոր Մ.-ն եւ Արա Մ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք մուրճը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: