Ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություննեըր 99․3 տոկոսով մաքուր են եղել։ Նման եզրակացության կարելի է հանգել հասարակ մաթեմատիկական հաշվարկներ անելով։ Այս մասին ՀՀԿ Կենտրոնական շտաբում ճեպազրույցի ժամանակ ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի խոսքով, մոտ 2-3 ժամ առաջ, ԿԸՀ տվյալներով քվեարկել էր մոտ 1 300 000 մարդ։ Այս պահին նրանց թիվը հաստատ 1․5 միլիոնի է հասել։ «Եկեք կատարենք երկու հասարակ մաթեմատիկական վարժություններ՝ կհիշեմ, որ ես կրթության նախարար եմ եղել»,- ասել է նա ու շարունակել․
«Վարժություն թիվ 1․ ընտրությունների լուսաբանման համար ԿԸՀ-ում գրանցվել է 89 լրատվամիջոց։ Ենթադրենք, որ նրանցից յուրաքանչյուրը միջինը ստացել է 100–ական հաղորդագրություն խախտումների մասին։ Ենթադրենք, որ դրանք բոլորը օբյեկտիվ են եղել։ Ստացվում է 8900 հաղորդագրություն։ 1․5 միլիոնի համար 8900 հաղորդագրությունը կազմում է մոտ 0․7 տոկոսը։ Նույնիսկ եթե դրանք բոլորը համապատասխանում են իրականությանը՝ ապա միեւնույն է ընտրությունները 99․3 տոկոսով մաքուր են։
Երկրորդ վարժությունը՝ դատախազությունը այս պահի դրությամբ դիտարկել է խախտումների մասին ավելի քան 1200 հաղորդագրություն, ու նրանցից միայն 200-ի վերաբերյալ են հիմքեր եղել վարույթ բացելու համար։ Ընդամենը 200 լուրջ խախտում 1․5 միլիոնի համար՝ դա մոտավորապես 0․05 տոկոսն է»։
Աշոտյանը հավելել է, որ քաղաքականության մեջ տեխնոլոգիական հեղափոխության շնորհիվ հաջողվել է կազմակերպել առավելագույնս մաքուր ընտրություններ ու վերջ տալ այնպիսի խախտումներին, ինչպիսիք են կրկնակի քվեարկությունը, կառուսելները, ուրիշների փոխարեն քվեարկությունները եւ այլն։ «Նման լուրջ խախտումների մասին հաղորդագրությունները քիչ են ու մեծ մասը իրականությանը չեն համապատասխանել»,- ասել է նա ։











