Ով էլ ընտրություններում ընտրվի ժողովրդի կողմից, ես ընդունում եմ իմ ժողովրդի ընտրությունը։ Այս մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ պատասխանելով Հայաստանի ընտրությունների վերաբերյալ հարցին, որոնք տեղի ունեցան ապրիլի 2-ին։

Երգչի խոսքով՝ ինքը չի ցանկանում խորանալ քաղաքական հարցերի մեջ։ «Եթե այդ մարդն ընտրվել է իմ ժողովրդի կողմից, նշանակում է նա իմ նախագահն է։ Անկեղծ ասեմ, ես չեմ սիրում մարդկանց, ովքեր մեկնում են այլ երկրներ ու քննադատում իրենց երկրի քաղաքականությունը, այդ պատճառով էլ ինձ համար ամեն ինչ գերազանց է։ Չնայած ես ունեմ քաղաքական գործիչ ընկերներ՝ ես երբեք քաղաքականության մասին չեմ խոսում։ Ես նրանց հետ խոսում եմ արվեստի, երաժշտության, կինոյի, գեղարվեստի մասին։ Մենք բավականին թեմաներ ունենք»։