Հայաստանն օգնության կարիք ունի։ Այն փոքրիկ երկիր է, որը շրջապատված է մյուս երկրներով՝ որոշներն ընկերներ են, որոշները՝ թշնամիներ։ Այս մասին հայտարարել է հայկական ծագմամբ ֆրանսիացի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ։

Նա հայտնել է, որ Մոսկվայում համերգից ստացված միջոցները կտրվեն «Ազնավուրը՝ Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամին։

«Հայաստանն օգնության կարիք ունի։ Այն փոքրիկ երկիր է, որը շրջապատված է այլ երկրներով՝ որոշները ընկերներ են, որոշները՝ թշնամիներ։ Ես կցանկանայի շուրջը տեսնել միայն ընկերների...Գլխավորը, մարդը միշտ պետք է մարդ մնա»,-ասել է կատարողը։ 

Իսկ թե ինչ է նշանակում երաժշտի համար աստղը հոլիվուդյան արահետում հարցին ի պատասխան, Ազնավուրն ասել է. «Երբ ինձ ինչ-որ բան են տալիս, ես միշտ համաձայնում եմ։ Ֆրանսիայում սկզբում իմ մասին շատ վատ բաներ էին խոսում, իսկ այժմ, վրեժ լուծելու համար, ես ընդունում եմ ամեն ինչ, ինչ տալիս են ինձ։ Դա շատ լավ վրեժ է»։