Վրաստանի կառավարությունը մտադիր չէ վաճառել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածը: Վրաստանի կառավարության մամլո խոսնակ Նիկո Մչեդլիշվիլիի խոսքով, տարածաշրջանի շատ երկրներ կարող են ունենալ մեծ հետաքրքրություն այդ ռազմավարական կարեւորության օբյեկտի նկատմամբ:

«Բայց դա չի նշանակում, որ Վրաստանը կվաճառի գազատարը»,- հայտնել է նա, գրում է «Վզգլյադը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի իշխող կուսակցության պատգամավոր Պավել Կուբլաշվիլին 2010 թվականի ամռանը հանդես եկավ գազատարը վաճառելու առաջարկությամբ: Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին, հուլիսի 2-ին երկրի խորհրդարանում ելույթ ունենալով, հայտարարել է անորոշ ժամանակ անց Լոնդոնի բորսայում գազատարի պարտատոմսերի 10-15 տոկոսը վաճառքի հանելու հնարավորության մասին: Հետագայում գազատարը երկրի ռազմավարական օբյեկտների ցուցակից հանելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ:

Ռուսական «Գազպրոմը» տեղեկացրել է, որ գազատարը վաճառելու որոշումն ընդունելու համար, Վրաստանը պետք է կատարի տնտեսական եւ տեխնիկական հիմնավորումներ:Ստացված արդյունքների հիման վրա «Գազպրոմի» փորձագետները կարող են որոշում կայացնել խողովակաշարի բաժնեմասը գնելու արդյունավետության մասին: Գազատարի այդ հատվածի հնարավոր գնորդ է նաեւ Ադրբեջանը: