Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հաղորդել է Ղազախստանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Էրմուհամեդ Էրթիսբաեւը:

Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան խնդիրը խոր արմատներ ունի:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ռուսատսանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո արցախյան հարցի լուծման գործում տեղաշարժ է նկատվում: Ամեն դեպքում, ես մեծ հույսեր ունեմ այդ առումով, քանի որ մենք մտերմիկ կապեր ունենք Բաքվի եւ Երեւանի հետ:

Մեզ շատ է անհանգստացնում «թեժ կետերի» գոյության հարցը: Կուզենայինք, որ ԱՊՀ տարածքում բոլոր «սառեցված հակամարտությունները» մնան անցյալում: Քանի որ XXI դարում ճիշտ չէ ապրել հակամարտության հնացած կատեգորիաներով եւ Ռուսաստանն այդ առումով կարող է խաղալ առաջնային դերակատարություն»,-ասել է նա: