Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին գնումներ կատարած մտել է շենք, քայլել վերելակի կողմն ու չէր էլ նկատել, որ երկու երիտասարդ ստվերի պես հետեւում են իրեն:
Մինչ վերելակը կգար, երիտասարդներն աստիճաններով վեր էին բարձրացել, սպասել էին միջանցքում, եւ երբ կինը վերելակից դուրս էր եկել, բացել դուռը, դիմակավորված թիկունքից մոտեցել էին, փակել բերանը, հետը տուն մտել, խոհանոցում բռունցքներով հարվածել էին տանտիրուհու դեմքին, գետնին գցել, կպչուն ժապավենով փորձել էին կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը:
Կինը դիմադրել, օգնություն էր կանչել ու էլ ոչինչ չէր հիշում:
Հանցագործները հանել էին նրա ձեռքի երկու ոսկյա մատանիները, բնակարանից հափշտակել այլ զարդեր եւս ու փախել: Հարեւանը ձայներ լսելով ոստիկանություն էր զանգել:
Հանցագործները թիրախը պատահական չէին ընտրել. Կինը մենակ էր ապրում, հաշվի էին առել ամեն մի մանրուք: Նախ գլխարկներով եւ արեւային ակնոցներով էին շենք մտել, իսկ դիմակ հագել էին միայն տուն մտնելիս:
Նրանք սակայն հաշվի չէին առել, որ շքամուտքում եւ երրորդ հարկում տեսախցիկներ են եղել: Ոստիկանների գործողությունների արդյունքում պարզվել է կասկածյալների ինքնությունը: Նրանցից մեկին իրավապահները հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում, երբ պատրաստվում էր լքել երկիրը, մյուսի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջինիս կեղծ տվյալներով հայտնաբերվել է Գերմանիայում եւ տեղափոխվել Հայաստան:
Մանրամասները տեսանյութում:











