Ռուսաստանի հայ գործարարները «Հայաստան» համահայկական հիմնադրամին խոստացել են 8 մլն ԱՄՆ դոլար: Երեկ՝ նոյեմբերի 16-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում կայացած հանգանակության ընթացքում առավելագույն գումարը խոստացել է գործարար, «Տաշիր գրուպ» սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 2 մլն դոլար: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր հերթին խոստացել է հատկացնել 1,6 մլն դոլար:

Նշենք, որ այդ գումարը դեռ վերջնական չէ եւ կարող  ավելանալ նոյեմբերի 25-ին կայանալիք հեռուստամարաթոնի ընթացքում, երբ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները եւս նվիրատվություններ կհատկացնեն «Հայաստան» հիմնադրամին:

2009թ. կայացած մարաթոնի ժամանակ Ռուսաստանից հանգանակվել էր շատ ավելի փոքր գումար՝ 5 մլն դոլար:

Այս տարի ամենամյա հեռուստամարաթոնը կայանալու է նոյեմբերի 25-ին: Այս տարի մարաթոնն անցկացվում է «Ջուրը կյանք է» կարգախոսով: Հանգանակված գումարներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ջրի խնդրի լուծմանը: