Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների թիվն 2010 թ. պակասել է։ Սակայն նախարարության պաշտոնյան կոնկրետ թվեր նշել չկարողացավ, քանի որ արտագնա զբոսաշրջության մասով նման հետազոտություն չի իրականացվում՝ «ռեսուրսներն ուղղվում են հիմնականում ներգնա զբոսաշրջության ուսումնասիրությանը»։

Թուրքիա այցելությունների քանակի կրճատման պատճառը ոչ միայն այդ նպատակով իրականացրած սեւ PR-ն է ու Անթալիայում հայ զբոսաշրջիկների անվտանգության հետ կապված խնդիրները, այլեւ, ըստ Ապրեսյանի՝ այլընտրանքային առաջարկների ընդլայնումը։

Նշենք, որ 2010 թ. 9 ամսում Հայաստանից դուրս իր հանգիստն է անցկացրել 474 հազ. մարդ՝ 19 տոկոսով ավելի, քան 2009 թ. նույն ժամանակահատվածում։

Ավելի վաղ, սակայն NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ըստ Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարության տվյալների, Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը  2010-ի հունվարից սկսած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: Ըստ այդմ, 2010-ի հունվարից մինչ սեպտեմբեր Թուրքիա է այցելել 52525 Հայաստանի քաղաքացի։  Ամիսների կտրվածքով ամենամեծ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է հունվարին՝ 29 տոկոս, իսկ ահա սեպտեմբերին աճը կազմել է 11 տոկոս։

Իր հերթին, տպավորիչ արդյունք են գրանցել իսրայելցիները։  Մայիսի 31-ին «Մավի Մարմարա» թուրքական նավի դեմ իսրայելական զինուժի գործողություններից հետո՝ հունիս, հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին Իսրայելից Թուրքիա այցելողների քանակը նվազել է ռեկորդային՝ 90 տոկոսով։