Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայրաքաղաքում 10 տարածքային ընտրական հանձնաժողով է ձեւավորել: Իսկ քվեարկության ընթացքին հետեւելու համար դեռեւս մեկ հասարակական կազմակերպություն է գրանցվել. «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն՝ 147 դիտորդով: Ոստիկանության տվյալներով՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող: Մայիսի 14-ին նախանշված ավագանու ընտրություններին մասնակցելու է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական եւ «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը: 

NEWS.am-ն այսօր հարցում է անցկացրել Երեւանում՝ հասկանալու համար, թե երեւանցիները որքանով են հետեւում ավագանու ընտրությունների թեմային, ինչքանով են տեղեկացված առաջադրված ուժերի ծրագրերին եւ ինչ ակնկալիքներ ունեն:

Ազգային ժողովում քառօրյա նիստերի գումարման համար այսօր կրկին քվորում չապահովվեց: Խորհրդարան էր ներկայացել ընդամենը 17 պատգամավոր՝ քվորումի համար անհրաժեշտ 66-ի փոխարեն: Սա քվորում չլինելու պատճառով ձախողվող արդեն երկրորդ քառօրյան է:

Մամուլում էլ արդեն տեղեկություններ են պտտվում Հանրապետական կուսակցության ընտրացուցակով նոր խորհրդարան անցածների մանդատ ստանալու-չստանալու մասին: Ըստ լուրերի՝ ՀՀԿ-ի ցուցակի առաջին 5 հորիզոնականները զբաղեցնողները պատգամավորական մանդատ չեն վերցնելու: Աղբյուրների համաձայն՝ Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը մնալու են գործադիրում, Տարոն Մարգարյանն էլ ցանկանում է ընտրվել քաղաքապետի պաշտոնում: 4-րդ հորիզոնականում Արա Բաբլոյանն է, ում առողջապահության նոր նախարարի թեկնածու էին համարում, բայց հիմա էլ լուրեր կան, որ նա դիվանագիտությամբ զբաղվելու եւ Շվեյցարիա է մեկնելու՝ դեսպանի պաշտոնում փոխարինելու 93-ամյա Շառլ Ազնավուրին: Դեսպանի տեղ են կանխատեսում նաեւ Հերմինե Նաղդալյանի համար:

Մամուլում հրապարակումներ կան, որ դեսպանի պաշտոն կստանա նաեւ Ալեքսանդր Արզումանյանը: Լրագրողներն այսօր Ազգային ժողովում Արզումանյանից հետաքրքրվել են, ճի՞շտ են արդյոք այդ լուրերը: Ասում են՝ դիվանագետի տեղի համար պայքարում է նաեւ ՀՅԴ-ն. մի քանի թեկնածու ունեն: Բացի այդ, Դաշնակցությունը հավակնում է Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին. ըստ լուրերի՝ այդ պաշտոնն ուզում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանի համար:

Խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքը, սակայն, Ազգային ժողովի հանձնաժողովի ղեկավար կազմում տեղ նրանց չի ապահովում: Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ խորհրդարանի 10 հանձնաժողովներից 6-ը ՀՀԿ-ին է տրվելու, երեքը՝ ԲՀԿ-ին, մեկը` «Ելք»-ին. իսկ 7 մանդատ ստացած ՀՅԴ-ն հանձնաժողովի նախագահ չի ունենա:

Կոտայքում սպանություն է տեղի ունեցել: Ջրվեժ գյուղի շենքերից մեկի բնակարանում 35-ամյա տղամարդու դի են հայտնաբերել՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով: Ըստ տեղեկությունների՝ նա օրեր առաջ է սպանվել, սակայն դիակը նոր են հայտնաբերել: Քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է կասկածյալի ձերբակալության մասին: Պարզվել է, որ նույն բնակարանում վարձակալությամբ 42-ամյա կին է բնակվել: Նրա ինքնությունն ու սպանվածի հետ առնչությունը պարզել են: Կինը ձերբակալվել ու հարցաքննվել է: Տուժողի եւ կասկածյալի անհատական տվյալները քննչական կոմիտեն չի հրապարակում:

Վնասվածքաբանության կենտրոնի մասնագետները խորհրդակցել են եւ որոշել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել վերականգնողական կենտրոն՝ բուժվելու, բայց իրավասու մարմինների կողմից դեռեւս համապատասխան ցուցում չկա: Նրա շահերի պաշտպանը տեղեկացրել է, որ բժշկական կոնսիլիումից հետո Հարությունյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Հովհաննես Հարությունյանը ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքում:

Իսկ գնդի գրավման օրերին տեղի ունեցած դեպքերի ընթացքում կալանավորված սարիթաղցիների հարազատները շարունակում են նստացույց անել: Գլխավոր դատախազությունից Գեւորգ Բաղդասարյանը դա պայքարի անընդունելի ձեւ է համարում: Ասում է՝ առաջին հերթին այն պատճառով, որ այս դեպքում վիճելի մասնագիտական հարցեր կան եւ դրանց գնահատականը պետք է տա դատարանը: Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ ամբաստանյալների հարազատների այն հայտարարությունը, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրենց հետ հանդիպման ժամանակ կալանավորվածների անուններ է տվել եւ նշել, որ եթե իրենց առաջադրված մեղադրանքն ընդունեն, ազատ կարձակվեն: Նման բան չկա, թյուրըմբռնում է եղել: Կալանավորվածներից Հրաչյա Բոյաջյանի կինը, որը գլխավոր դատախազության շենքի առջեւ ավելի քան 20 օր նստացույց է անում, մեր թղթակցի հետ զրույցում  նշել է, որ եթե գլխավոր դատախազությունը չբավարարի իրենց պահանջը, ծայրահեղ քայլի կդիմեն՝ հացադուլ կսկսեն:

Երեւանում է նորվեգական Բերգեն քաղաքի «Lyderhorn» երգչախումբը: Եկել են՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հայերին հաղորդակից դարձնելու նորվեգական հոգեւոր երաժշտությանը: Ասում են՝ երգչախմբի վաղեմի երազանքն էր գալ Հայաստան ու այցելել Ծիծեռնակաբերդ: Երգչախումբը հուշահամալիրում նորվեգական հոգեւոր երգեր է կատարել, ինչպես նաեւ Կոմիտասի «Հով արեք սարերը»:

Դոլարը, եվրոն ու ռուբլին շարունակում են ամրապնդել դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 516, ռուբլունը՝ 8 դրամ 57 լումա, ֆունտինը՝ 608 դրամ:

Ապրիլի 13-ի գիշերը հանրապետությունում առանց տեղումների եղանակ կլինի, իսկ ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում նույնպես վաղը ցերեկը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն: