Տրանսպորտի եւ կապի նաախարարությունը հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղեւորափոխադրողների ծառայություններից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, հայտարարել է նախարարի առաջին տեղակալ Արամ Արսենյանը:
Նրա խոսքով, Տրանսպորտի ոլորտի օրենսդրական բարեփոխումներից հետո ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այս տարվա հունվարին նախաձեռնեց դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպում: Հայտարարվեց մրցույթ 12 երթուղիների համար: Մասնակցության հայտ ներկայացրեցին 20 ուեւորափոխադրող կազմակերպություններ, 1 երթուղու համար հայտեր չեղան:
Արամ Արսենյանը նշեց, որ մրցույթների արդյունքներն արդեն ամփոփվել են, ընտրվել են լավագույն 11 ընկերությունները, որոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ եւ ուղեւորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ եւ փորձառու վարորդներ:
Դեպի Ռուսաստան միջազգային ուղեւորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից:
«Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր ուղեւորափոխադրողների ծառայություններից, քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են եւ, որ ամենակարեւորն է, անվտանգ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հայավտոկայարան» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերից ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ մարզերում»,- ասաց նախարարի տեղակալը:
Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողները պետք է փոխադրեն միայն զբոսաշրջային խմբեր։ Նրանք այլեւս հնարավորություն չեն ունենա իրականացնել կանոնավոր փոխադրումներ ոչ կանոնավորի անվան տակ:
Տրանսպորտային տեսչության աշխատակիցներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սահմանային անցակետերում վերահսկողական միջոցառումներ են իրականացնում եւ, Արամ Արսենյանի խոսքով, դա կրելու է պարբերական բնույթ:
«Այն ընկերություններին, որոնք մինչեւ այժմ գործել են օրենքի շրջանակներից դուրս, առաջարկում ենք իրենց գործունեությունը համապատասխանեցնել գործող կարգին, հակառակ դեպքում նրանց հանդեպ կկիրառվի վարչական պատասխանատվություն»,- նշեց նախարարի տեղակալը:
Մանրամասները տեսանյութում:











