2017 թվականին «Սպայկա» ընկերությունը նախատեսում է 20 մլն դոլար ներդնել Հայաստանում նոր ջերմոցների կառուցման մեջ։ Այժմ ընկերությունն ունի 35 հեկտար տարածք զբաղեցնող ջերմոցներ, որտեղ լոլիկ ու վարունգ է աճեցնում։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է կառուցել եւս 20 հեկտար եւ այս ոլորտում մոտ 200 նոր աշխատատեղ ստեղծել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության Նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ «Սպայկայի» առաջին ջերմոցային համալիրը կառուցվել է 2014 թվականին։ Այնտեղ բողկ են աճեցրել Ռուսաստան արտահանելու համար։ Մեկ տարում այն գրավել է ռուսական շուկայի 15-20 տոկոսը։ Չնայած նախագիծը հաջողված էր՝ երկու տարի անց որոշվել է համալիրը վերակառուցել։ Բողկի արտադրությունը կազմակերպել են բաց բնահողի վրա, իսկ պատրաստի ջերմոցները սկսել են օգտագործել լոլիկ ու վարունգ աճեցնելու համար։

Այսօր «Սպայկա» ընկերության ջերմոցներն ունեն 35 հեկտար ընդհանուր տարածք, որից ստանում են մոտ 15000 տոննա լոլիկ եւ վարունգ։ Ջերմոցների տարածքը մինչեւ 55 հեկտար հասցնելուց հետո ընկերությունը ծրագրում է տարեկան դրանցից ստանալ ավելի քան 25000 տոննա արտադրանք, իսկ աշխատակիցների թիվը կհասնի 600-700–ի՝ ներկայիս 450-ի փոխարեն։

Ներկա դրությամբ «Սպայկայի» ջերմոցների բանջարեղենի մեծ մասը Ռուսաստան է արտահանվում։ Բաղդասարյանի խոսքով՝ այնտեղ պահանջարկը իսկապես մեծ է։ Երբ արտադրանքի ծավալներն աճեն, հնարավոր կլինի մտածել նաեւ ԵՄ երկրներ արտահանում կազմակերպելու մասին։

Ինչպես լրագրողներին պատմեց «Սպայկայի» ջերմոցների աշխատակիցը՝ լոլիկն ու վարունգն այստեղ աճեցնում են հիդրոպոնային եղանակով։ Դա արհեստական միջավայրում, առանց հողի աճեցման եղանակ է։ Բանջարեղենի համար անհրաժեշտ բոլոր սնուցող նյութերը լուծվում են ջրում, որից էլ փոխանցվում բույսերին։ Իսկ սովորական հողի փոխարեն օգտագործվում է կոկոսի սուբստրատը։

Աշխատակիցների խոսքով՝ այս եղանակով աճեցված լոլիկի թուփը կարող է հասնել 7-8 մետր բարձրության եւ սեզոնին մոտ 7-8 կգ լոլիկ տալ։