Ընկերությունը, որը կհաղթի մրցույթում ու կվարձակալի Արենի-1 քարանձավը, պարտադիր պետք է ապահովի պեղումների, նաեւ գիտական հետազոտությունների հետագա իրականացումը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Պատասխանելով այն դիտարկմանը, որ շատ մասնագետներ մտահոգություն են հայտնել Արենի 1 քարանձավը վարձակալության տալու կապակցությամբ, համարելով, որ դա կոչնչացնի պատմական հուշարձանը, նախարարն ասաց․ «Ես ամենեւին համամիտ չեմ այդ տեսակետին, քանի որ վերջին հաշվով մենք ենք թելադրելու պայմանագրի կետերը ու մեզ համար շատ կարեւոր է գիտական աշխատանքը։ Հաղթող ընկերության առջեւ պայման է դրվելու պարտադիր հետագայում քարանձավում ապահովել պեղումներն ու գիտական հետազոտությունները։ Այնպես որ ես կարծում եմ, որ չի կարելի նման որակում տալ՝ չունենալով ոչ մի փաստ»։
Նշենք, որ այս պահի դրությամբ նախարարը նույնպես չի տիրապետում որեւէ փաստի։
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի մշակույթի նախարարությունը հանդես է եկել քարանձավները, այդ թվում Վայոց ձորի մարզում գտնվող Արենի-1-ը (Թռչունների քարանձավը) վարձակալության տալու նախաձեռնությամբ։ Այդ տեսարժան վայրը գտնվում է Արենիից 1․5 կմ արեւելք՝ Նորավանք տանող ճանապարհի աջ կողմին՝ Արփա գետի ձախ ափի լեռներում։ Հենց Արենի -1 քարանձավում են 2008-ին հայտնաբերել հնագույն կոշիկն ու գինեգործարանը։ Մասնագետները վստահեցնում են, որ վարձակալության հանձնելն անթույլատրելի է ու կոչնչացնի այդ պատմական հուշարձանը։











