ՀՀ բնակավայրերի ճանապարհային եւ տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ճանապարհաշինության եւ միասնական երթուղային ցանց ստեղծելու խնդրին:

«Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն եւ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ: Խիստ անհրաժեշտ եմ համարում նաեւ հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Տվյալ խնդիրների շուրջ ունեցել ենք քննարկումներ՝ վերջերս ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մեր այցի ընթացքում:

Հաշվի առնելով նշված խնդիրների կարեւորությունը՝ հանձնարարում եմ՝ առաջինը  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորոգման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ, գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը 5-10 տարի, եթե անհրաժեշտ է, նույնիսկ ավել երկարացնելու եւ մրցույթների կազմակերպման ոլորտում կապալառու սպասարկող միասնական մոդելի ներդրման նպատակահարմարությունը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ»,- ընդգծեց վարչապետը:

Նա մարզպետներին հանձնարարեց երկու շաբաթվա ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն ՀՀ-ում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ եւ հարակից խոշոր քաղաքների ուղեւորահոսքի վերաբերյալ՝ ըստ ժամանակային կտրվածքի: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարեց մինչեւ 2017թ. հունիսի 1-ը մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը, հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, կարգապահության ճանապարհային նշաններին:

«Այցերի ժամանակ բազմիցս 9:30 աշխատանքի տեղը մարդ չկա, 5:30 աշխատանքի տեղը մարդ չկա: Համապատասխանաբար կազմակերպեք այդ հսկողությունը՝ ներգրավելով մեր տեղական ինքնակառավարման մարմինները, եթե անհրաժեշտ է»,- ասաց նա: