2011թ. պետբյուջեի նախագիծն իրականացվելու է 100 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նա իրատեսական եւ բոլոր ներքին եւ արտաքին տնտեսական միտումները հաշվի առնող է որակել փաստաթուղթը: Ֆինանսների նախարարը նկատել է, որ Հայաստանի կառավարությունը արել է հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու տնտեսական կայունությունը: «Ցուցանիշների նվազումը չի նշանակում, որ չկա մակրոտնտեսական կայունություն: Եթե դա չլիներ, այն զգացնել կտար, իսկ հետեւանքները կլինեին անկանխատեսելի»,- հայտարարել է նա:

Նախարարը հերքել է հայտարարությունները, թե բյուջեի նախագիծը սոցիալական ուղղվածություն չունի: «Եթե բյուջեի 20 տոկոսն ու բոլոր մուտքերի երրորդ մասը ուղղվում են սոցիալական ոլորտին, մի՞թե դա սոցիալական բյուջե չէ»,- վրդովվել է Դավթյանը:

Նա խոստացել է, որ 2011թ. նոմինալ տնտեսական աճը կազմելու է 4,6 տոկոս: Առաջիկա 24 ժամում կառավարությունը քննարկելու է խորհրդարանական ուժերի առաջարկները, իսկ վերջնական տարբերակը ներկայացվելու է պատգամավորներին 4 օր անց: