Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով աշխատանքից ազատվել են Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը եւ նույն զորամասի գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պնախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, հավելելով, որ նրանք այժմ գտնվում են կադրերի ռեզերվում, եւ եթե դատարանում նրանց մեղքն ապացուցվի, կքննարկվի նաեւ նրանց զորացրելու հարցը:
Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հովանավորյալներ Վարդան Մարտիրոսյանը («Ռոժ» մականունով) եւ գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը ձերբակալվել էին զինվորականներից գումարներ շորթելու, նրանց նվաստացնելու եւ դիրքի չարաշահման մեղադրանքներով: Հոկտեմբերի 29-ին դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել սպաներին: Ի դեպ, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը ազատվել էր 1 մլն դրամ, իսկ Արթուր Կարապետյանը` 820 հազար դրամ գրավի դիմաց:
Արթուր Կարապետյանն ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է հոսպիտալ եւ նոյեմբերի 5-ին վիրահատվել է, որից հետո նա անակնկալ կերպով տեղեկացել է, որ ազատված է աշխատանքից եւ այլեւս Զինված ուժերում չի աշխատում:
Հետագայում, երբ այդ երկուսին գրավի դիմաց ազատ էին արձակել, Հայաստանի գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանին եւ զորամասի հրամանատարի տեղակալ Արթուր Կարապետյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ:
Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշման դեմ, եւ այժմ, փաստորեն, նրանք շարունակում են մնալ ազատության մեջ:





























