Այսօր՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ նախագահը նախատեսել է հանդես գալ հայտարարությամբ: Այս մասին ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը՝ անդրադառնալով այն հարցին, թե կարելի՞ է արդյոք Դոնալդ Թրամփից «ցեղասպանության» օգտագործում ակնկալել:
«Ինձ համար պատիվ է այստեղ գտնվելը: Ես գիտեմ, թե սա որքան կարեւոր օր է աշխարհի բոլոր, այդ թվում՝ ԱՄՆ-ի հայերի համար: Ես այստեղ եմ ԱՄՆ կառավարության եւ ամերիկացի ժողովրդի անունից, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ 1915 թվականին զոհված 1,5 մլն հայերի հիշատակին»,- նշեց Մանսուրը:
Ի պատասխան հստկեցնող հարցին՝ ԱՄՆ նախագահն այս տարի կասի՞ «ցեղասպանություն» բառը, նա խուսափողաբար նշեց. «ԱՄՆ նախագահն այսօր նախատեսել է հանդես գալ հայտարարությամբ: Եվ մենք այդ հայտարարությունը կհրապարակենք նաեւ դեսպանատան կայքում: Դուք, հնարավոր է, պատկերացնում եք, որ ես չեմ կարող որեւէ բան ասել իմ նախագահի հայտարարությունից ավելի վաղ»:
Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդեն ամերիկյան 45-րդ նահանգը (Վայոմինգը) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ե՞րբ կարելի է ակնկալել Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչումը, դիվանագետը կրկին խուսափողաբար նշեց. «Երկար տարիներ շարունակ ԱՄՆ-ը ճանաչել է 20-րդ դարի զանգվածային վայրագությունները, որոնց հետեւանքով 1,5 մլն հայեր են տուժել: Ես ցանկանում եմ առիթից օգտվելով ընդգծել հայ ժողովիդի ճկունությունը, որի մեծ թվով ներկայացուցիչներ բնակություն են հաստատել մեր երկրում: Նրանք մեր երկիրը հարստացրել են, հարստացրել են մեր մշակույթը՝ միաժամանակ պահպանելով իրենց հայրենիքի մասին հիշողությունները»:











