ՀՀ պաշտպանության նախարարությունը ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի ապրիլի 25-ին Արցախի դիրքերից մեկում մահացած հայտնաբերված Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները պարզվեն, կատարվի անաչառ քննություն: Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է NEWS.am-ի այսօրվա հրապարակմանը, որով ներկայացրել էինք Կարեն Ավետիսյանի մորաքրոջ կարծիքը, թե այնքան էլ չի հավատում այն վարկածին, թե Կարեն Ավետիսյանն ինքնասպան է եղել:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը NEWS.am կայքի հրապարակումից տեղեկացել է ապրիլի 25-ին շարքային Կարեն Արմենի Ավետիսյանի մահվան կապակցությամբ իրականացվող քննչական գործողությունների, մասնավորապես` դատաբժշկական քննության առնչությամբ սպանվածի մորաքույր ներկայացվող Ալինա Աբրահամյանի վերապահումներին եւ անվստահությանը:

Պաշտպանության նախարարությունը սգում է զինծառայողի կորստյան ծանր վիշտը եւ ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի իրականացվի անաչառ եւ լիարժեք քննություն, պարզվեն զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները: Վստահ ենք նաեւ, որ հանցակազմի առկայության դեպքում քննաչական մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:

Թեեւ որպես մորաքրոջ մեկնաբանություն ներկայացվող մտահոգությունը չի համընկնում սպանվածի ընտանիքի անդամների հետ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների ունեցած քննարկումների բնույթին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստ է այդպիսի պահանջի առկայության դեպքում ցանկացած աջակցություն ցուցաբերել ընտանիքին` հետեւելու համար գործի քննության ընթացքին եւ ստանալու ընտանիքի համար արժանահավատ համարվող մասնագիտական եւ փորձագիտական աջակցություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի մարտական դիրքերից մեկում ապրիլի 25-ին մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայող Կարեն Ավետիսյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ՝ հուլիսին: Կարեն Ավետիսյանը ընտանիքի միակ որդին էր, ունի իրենից փոքր քույր:

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմանում:

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կարեն Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝  իրեն ամրակցված գնդացրով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: